Ասացի՝ ախպերս, զգույշ կլինես. պատերազմում զոհված Տարոնի մասին ընկերը ֆիլմ է նկարել

 

«Տարոնն ուրիշ էր թե՛ իր հայրենասիրությամբ, թե՛ ընկերասիրությամբ: Ինքն իմ հոգևոր ընկերն էր». ահա այսպես է բնութագրում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված արամուսցի Տարոն Հակոբյանին իր ընկերը՝ Աղվան Թևոսյանը, որը նաև նրա մասին ֆիլմ է նկարահանել:

24 տարվա ընկերություն ունի նրանց պատմությունը: Աղվանն ասում է՝ ո՛չ ուսանողական կյանքը իրենց բաժանել կարողացավ, ո՛չ էլ արդեն հասուն տարիքը, փոխարենը պատերազմը նրանց բաժանեց, բայց՝ ֆիզիկապես: Մեզ հետ զրույցում պատմում է՝ զինվորական ընկերն օրինակելի տեսակ է եղել, նրանից շատերը կարող էին շատ բան սովորել: Նկարահանված ֆիլմը նաև այդ նպատակով է, բայց ուրիշ բան էլ կա. «Իր մայրը մի օր հեռուստացույց էր նայում, էդ օրը տարբեր զինծառայողների տեսանյութեր էին ցույց տալիս ու պատմում իրենց մասին: Ինքն էլ ասաց՝ ինչու իմ տղայի մասին էլ որևէ բան ցույց չեն տալիս: Այդ ժամանակ որոշեցի՝ ես պետք է ֆիլմ նկարեմ Տարոնի մասին ու մեծ պատասխանատվություն զգացի: Փորձել եմ, որ դա լինի իր ամենալավ ֆիլմը, որ շատ բան փոխի դիտողի մեջ, շատ խոսք կա ֆիլմի մեջ: Ես իր օրինակով ցույց եմ տվել մնացած մեր տղաների գործն ու արարքը, որ այսօր մենք կանք ու շարունակում ենք ապրել»:

Ֆիլմում ամբողջությամբ Տարոնն է և իր անձնական արխիվը՝ նկարները, տեսանյութերը, որոնք նա նկարահանել է: Ընկերներն ու մայրն էլ խոսում, պատմում են իր մասին, բայց չեն կարողանում անցյալով խոսել, ասում են. «Տարոնը բարության, ազնվության և հայրենասիրության խորհրդանիշ էր։ Մեր ընկերությունը շատ սերտ է եղել: Ինքը կյանքիս ընկերն է: Ինքը դեռ կա, ես զգում եմ, մենք հոգիներով շատ կապված ենք իրար հետ»:

34-ամյա Տարոնը 2009 թվականին է անցել ծառայության, ծառայել է Մեղրիի Ագարակի զորամասում՝ որպես սերժանտ: 2011 թվականին ավարտելով զինվորական ծառայությունը՝ որոշ ժամանակ անց մեկնել է Եվրոպա՝ աշխատելու և բնակվելու նպատակով: Սակայն երեք տարի անց՝ 2014 թվականին, հայրենիքի կարոտից դրդված՝ թողել է ամեն ինչ և վերադարձել Հայաստան: Վերադառնալուց մեկ տարի անց ռազմական գործի հանդեպ ունեցած սիրո և հետաքրքրության համար որոշել է համալրել ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման շարքերը: Եղել է դիպուկահար: 2018 թվականին խաղաղապահ ստորաբաժանման կազմով մեկնել է Աֆղանստան՝ խաղաղապահ ծառայություն անցկացնելու առաքելությամբ:

2019 թվականին Տաջիկստանում մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ զորավարժությանը, որտեղ պարտականությունների գերազանց կատարման համար պարգևատրվել է դիպլոմով: 2020 թվականի փետրվարին կրկին մեկնել է Աֆղանստան՝ խաղաղապահ առաքելության: 2020 թվականի սեպտեմբերի 20-ին վերադարձել է հայրենիք: Մեկ շաբաթ անց Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության ամբողջ երկայնքով սկսում է ռազմական գործողություններ: Պատերազմը սկսվելու երրորդ օրը Տարոնը որոշում է մեկնել Արցախ՝ կռվելու թշնամու դեմ:

«Պատերազմի երրորդ օրն էր, առավոտյան զանգեցի, որ ասեի՝ արի, միասին սուրճ խմենք: Ասաց՝ երկրումդ՝ պատերազմ, խաբար չե՞ս, ես սկսեցի լացել, ձայնով ուժեղ լալիս էի, անկախ ինձնից, երևի մի բան զգում էի: Սկզբում մտածեցի՝ ապրիլյան կրակոցներ են, հետո, որ ասաց՝ գնալու եմ, ասացի՝ խնդրում եմ, ախպերս, զգույշ կլինես: Մինչ պատերազմը, ինքը եկել էր, որ դուրս գար զինվորական ծառայությունից, հոգնել էր, ուզում էր հանգստանալ, բայց ճակատագիրը իրեն տարավ»,- պատմում է Աղվանը:

Տարոն Հակոբյանը զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, Օմարի դիրքերում՝ հրամանատարին փրկելու ժամանակ: Բեկորը, նրա մեջքով անցնելով, վնասել է գլխավոր սնուցման անոթը: Դիակը հարազատներին է հանձնվել հոկտեմբերի 4-ին: Նա այսօր կդառնար 34 տարեկան:

 

(Visited 107 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: