Չորսն էլ պետք է ցմահ դատապարտվեն. սպանված կուրսանտի հայրը պատրաստվում է երկրորդ որդուն զորակոչել բանակ

«Դատաքննությունը ավարտական փուլում է գտնվում, և ես հուսով եմ, որ արդարացի վճիռ կկայացվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 4 տարի առաջ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը։

 

Անդրադառնալով դատավճռին՝ Բարսեղյանը նշեց, որ ամենաարդարացի որոշումը կլիներ այն, որ Հայաստանում առհասարակ գնդակահարություն լիներ, ու սպանության մեջ մեղադրվողները չորսն էլ մահապատժի դատապարտվեին։ «Բայց քանի որ դա չկա, ապա բոլոր չորսն էլ պետք է ցմահ ազատազրկման դատապարտվեն։ Այդ 4 հոգին են սպանությանը մասնակցել, դա հաստատված է, դատարանում 30-ից ավելի վկաներ են եկել, բոլորն էլ պատմել են, թե ինչ է եղել։ Բոլորն էլ այս տարիներին իմացան, թե այդ գիշեր ինչ էր եղել»,- ասաց Բարսեղյանը։

Սպանված կուրսանտի հոր խոսքերով, սակայն, հեղափոխությունից հետո գործով մեղադրյալները ակտիվացել են, փորձում են ցույց տալ, թե նախաքննության ընթացքում իրենց խոշտանգել են ցուցմունք կորզելու համար։ Նախորդ նիստին անգամ հայտարարել են, որ երկու ոստիկանի նկատմամբ քրեական գործ են հարուցելու խոշտանգման համար։ «Բայց դա սուտ է, մտածում են՝ այդպիսով իրենց կաշին կփրկեն։ Հիմնականում այդ հայտարարություններն անում է Նորիկ Սահակյանը։

 

Պատկերացնում եք, լինելով գլխավոր մեղադրյալներից մեկը, հայտարարում է, թե իր աչքի առաջ վկաներին խոշտանգել են։ Պատկերացնում եք, ոստիկանները գլխավոր մեղադրյալի աչքի առաջ վկաներին խոշտանգել են։ Ծիծաղելի է։ Սա բացարձակ սուտ է, որով նրանք փորձում են իրենց արդարացնել»,-ասաց Բարսեղյանը՝ ավելացնելով, որ իր որդու գործով արդարացի դատավճիռը շատ կարևոր է, քանի որ այն կանխարգելիչ դեր կունենա բանակում նման դեպքերի կրկնության դեպքում։ «Ես ամռանը պատրաստվում եմ իմ մյուս որդուն զորակոչել բանակ, չնայած կարող եմ օգտվել իմ իրավունքից և որդիներիցս մեկին բանակ չուղարկել։ Բայց որդիներս էլ, մենք էլ դեմ ենք, որ նրանք բանակ չգնան։ Որդիս պատրաստ է ամռանը գնալ և ծառայել Հայոց բանակում։ Դրա համար էլ ես բանակի ղեկավարությունից խնդրում եմ խստացնել օրենքները բանակում, որ նման դեպքեր չկրկնվեն»,- եզրափակեց Արկադի Բարսեղյանը։

 

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր ինստիտուտի մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված: Նրա սպանության մեջ մեղադրվում է 4 զինծառայող՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը:

Առավել մանրամասն՝տեսանյութում։

 

https://www.1in.am

Like this post? Please share to your friends:
Lascia un commento