Մեր զրուցակիցն է 2008 թ. մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը
Պարոն Ֆարմանյան, Մարտի 1-ի դեպքերից 11 տարի է անցել, ինչ զգացողություններ ունեք։ Նշվում է, որ առաջին անգամ գարունն այլ կերպ ենք դիմավորում։
Մենք միշտ էլ մարտի 1-ին երթ արել ենք Հայ ազգային կոնգրեսի հետ։ Ոչ մեկին չենք ասել՝ եկեք մասնակցեք, ինչպես հիմա են շեշտում, իբր Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հավաքվեն։ Ոչ, այդպես չէ, նախկին իշխանություններ, սա ժողովրդի պահանջն է, ժողովուրդն է ուզում ու կամավոր գալիս է։
Նիկոլ Փաշինյանի ուղերձն ինչպե՞ս եք գնահատում։ Նա ներողություն խնդրեց պետության անունից մարտի 1-ի զոհերի հարազատներից։
Սա պատմության մեջ առաջին դեպքն է, որ պետության ղեկավարը փորձում է մեր բոլոր ծնողներին հանգստացնի իր մարդկայնությամբ, իր վճռականությամբ։ Մենք ծնող ենք, սպասում էինք սրան։ Ամեն մի վատ բան լսելիս մենք գնում ենք մահվան դուռը, հետ ենք գալիս։ Վերջապես Հայաստանում իրականացավ մեր ժողովրդի համազգային պահանջը։ Մենք՝ ծնողներս, ցանկանում ենք, որ սրանով բավարարվեն բոլոր իշխանությունները, այդ թվում՝ գալիք իշխանությունները, և էլ զոհ չտեսնենք։
Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, առանցքային ֆիգուրներ հարցաքննվում են, նախաքննություն է ընթանում։ Ի՞նչ տպավորություն ունեք, արդյոք այս գործը բացահայտվելու է կամ արդեն բացահայտված է, ինչպես օգոստոսին պնդում էր Նիկոլ Փաշինյանը։
Բնական է, որ արդեն բացահայտված է, բոլորին էլ պարզ է, բայց թե ինչ ընթացքով կգնա դատավարությունը, ընթացքը ցույց կտա։ Ամեն դեպքում, շղթան պետք է մինչև վերջ բացվի։ Ռոբերտ Քոչարյանն ու իր ամբողջ կազմը, ովքեր մեղքի բաժին ունեն, պետք է պատասխան տան։ Հիմա Քոչարյանը հայտարարում է, թե տեղյակ չի եղել։ Պարոն Քոչարյան, իսկ այդ ժամանակ դուք ի՞նչ էիք աշխատում։ Եթե հանրապետության նախագահ չէիք, ի՞նչ էիք աշխատում։ Բոլորն իր հրամանով է եղել, լինի 38, կլինի 65, թե 100, կապ չունի։
Համոզված եմ՝ չի կրկնվի ոչ միայն մարտի 1-ը, այլև 2016 թվականի ապրիլյան դեպքերը։ Դա էլ էր ողբերգություն, երիտասարդների կյանքի գնով պահեցինք սահմանը, մենք իրավունք ունենք հպարտանալու, որ այդպիսի երիտասարդ հասակի տղաները պահեցին մեր սահմանը, մեր ընտանիքներին։ Ես խոնարհվում եմ իրենց առաջ։
Ինչպե՞ս եք գնահատում, որ Քոչարյանի պաշտպանները հայտարարում են, որ նա քաղհալածյալ է, որ դեռ ՄԻԵԴ են դիմելու։
Որտեղ ուզում են, թող դիմեն, իրենց կամքն է։ Բա վերջում ի՞նչ եք անելու, ի՞նչ եք պատասխան տալու ժողովրդին, ծնողներին։
Իշխանությունները մտադիր են մարտի 1-ի զոհերի հուշարձան տեղադրել։ Ինչպե՞ս եք գնահատում։
Այսքան տարի դա հնարավոր չէր, որովհետև իրենք էին իշխանության ու ինչքան էլ մենք ճիշտ լինեինք, իրենք սխալն էին անելու։ Հիմա կարևոր է, որ ընդառաջում են և դա պարտադիր է, որ մարդիկ տեսնեն, թե ինչի համար են այդ մարդիկ մահացել։
Խոսվում է նաև զոհերի հարազատներին փոխհատուցում տալու օրենսդրական նախաձեռնության մասին։
Մեզ համար առաջնահերթը դատավարությունն է, մնացածը երկրորդական է։