Գլխացավերը ծանոթ են բոլորին, սակայն քչերը գիտեն, որ գլխացավի որոշ տեսակներ կարող են այդքան էլ անվնաս չլինել և վկայել առողջական լուրջ խնդիրների մասին:
Բրիտանացի գիտնականների խոսքով՝ մարդը չպետք է անհանգստանա, եթե ինտենսիվ ցավը կենտրոնացած է ճակատի կամ դեմքի հատվածում՝ հատկապես դեռևս ամբողջությամբ չբուժված մրսածության դեպքում: Համեմատաբար անվտանգ է համարվում նաև ջերմությամբ, մկանային ցավերով ու կոկորդի ցավով ուղեկցվող գլխացավը, քանի որ դա կարող է վկայել գրիպի մասին:
Բացի այդ, գլխացավով կարող է ուղեկցվել նաև կոֆեինից հրաժարվելու գործընթացը, քանի որ օրգանիզմն իր բաժին կոֆեինն է պահանջում: Վտանգավոր չէ նաև ճնշող գլխացավը, որը մեղմվում է հանգստանալու դեպքում: Առհասարակ մասնագետները հիշեցնում են, որ ոչ շատ ուժեղ գլխացավը ժամանակ առ ժամանակ կարող է անհանգստացնել յուրաքանչյուրին և դրա պատճառով խուճապիմատնվելու կարիք չկա:
Բուժզննման և բժշկական խորհրդատվության անհրաժեշտություն է լինում, երբ մարդու մոտ պարբերաբար ի հայտ են գալիս սաստիկ ուժգին գլխացավեր, որոնք նախկինում չեն նկատվել: Երբեմն դրանք աստիճանապար են ի հայտ գալիս և ուղեկցվում են սրտխառնոցով ու լույսի և ձայների նկատմամբ գերզգայունությամբ: Այս դեպքում գլխացավը վկայում է միգրենի մասին, ուստի հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել:
Եթե հիվանդը 50 տարեկանից բարձր է, իսկ գլխացավն ուղեկցվում է գլխամաշկի ու ծնոտի (ծամելիս) ցավով, ապա այն կարող է պայմանավորված լինել ծնոտի արթրիտով: Խիստ վտանգավոր է նաև խոսքի, շարժումների ու դիմախաղի խանգարումով ուղեկցվող գլխացավը: Այս դեպքում հարկավոր է շտապ դիմել մասնագետին, քանի որ այն կարող է վկայել գլխուղեղի կաթվածի մասին:
Կտրուկ ի հայտ եկող անտանելի գլխացավը կարող է լինել ինֆեկցիոն մենինգիտի ախտանշան, իսկ եթե ցավը րոպեների ընթացքում աննշանից դառնում է անտանելի, ապա այն կարող է պայմանավորված լինել գլխուղեղում արյունահոսությամբ:
Սակայն գլխացավերի ամենավտանգավոր ու տհաճ տեսակը ուժասպառության զգացումով ու ինքնազգացողության ընդհանուր վատացմամբ ուղեկցվող գլխացավն է:Եթե այս ամենի հետ մեկտեղ մարդը քնկոտ է դառնում, փոխվում է նրա բնավորությունը, նկատվում է ախորժակի կորուստ ու քաշի անբացատրելի նվազում, ապա հարկավոր է շտապ բուժզննում անցնել, քանի որ այս դեպքում պատճառը կարող է լինել ինչպես գլխուղեղի վտանգավոր վարակը, այնպես էլ չարորակ ուռուցքը:
https://med.tert.am