Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցի շենքի պատերը քանդվում են. թաղապետարանը ոչինչ չի անում. ահազանգ

Կոմիտասի 37 հասցեում գտնվող Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցի շենքի արտաքին պատի սալիկները քանդվում են և ամեն րոպե կարող են ընկնել երեխաների գլխին. այս մասին MAMUL.am-ին ահազանգեցին աշակերտների ծնողները՝ նշելով, որ պատկան մարմինները «մատը մատին» չեն տալիս՝ իրավիճակը մեղմելու համար: «Քանի գնում վտանգը մեծանում է: Վնասված տարածքը բանուկ մասում է, որտեղով ամեն օր երեխաներ են անցնում»,- ասացին նրանք:
Ծնողների խոսքով՝ մի քանի օր առաջ ԱԻՆ-ի թեժ գիծ են զանգահարել, աշխատակիցները եկել, հատվածը ժապավենով փակել, գնացել են, իսկ մնացածն Արաբկիր վարչական շրջանի գործն է, որն անտարբերության է մատնել:
Մեր ճշտող հարցին՝ դիմե՞լ եք թաղապետարան և արդյոք ի՞նչ պատասխան եք ստացել, ասացին՝ դիմել են և ստացել ոչինչ չասող պատասխան. «Կքննարկենք այդ հարցը»:
«Երևի սպասում են մի փորձանք լինի, նոր խնդրին լուծում տան»,- զայրացած ասում էին մեր զրուցակիցները: