«Վերջին 20 օրվա ընթացքում վիճակն ավելի է վատացել». Թեհմինա Վարդանյանն ահազանգում է


Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Դավիթ Խաժակյանի հետ միասին գնացել էինք Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան 10 հասցե՝ բնակիչների ահազանգով։ Պետք է ասեմ, որ շենքի առաջին մուտքը գտնվում է իրապես սարսափելի վիճակում, չունի հիմք և ամեն րոպե կարող է բառիս բուն իմաստով փլվել։ Նախկինում այստեղ եղել են Դավիթ Խաժակյանն ու Անի Սամսոնյանը, ովքեր և բազմիցս բարձրաձայնել են խնդիրը։ Անի Սամսոնյանի դիմումին ի պատասխան՝ քաղաքապետարանը ասել է, որ Արզումանյան 10 շենքի 1-ին և 2-րդ մուտքերի վերականգնման-ամրացման աշխատանքները կներկայացվեն 2019 թվականի բյուջեի քննարկմանը։

Բնակիչները ևս բազմիցս դիմել են քաղաքապետարան և Աջափնյակ վարչական շրջան, բայց, ըստ էության, որևէ քայլեր չեն ձեռնարկվել։ Քաղաքապետարանից էլ ասել են՝ ոչինչ չենք կարող անել։

ԱԻՆ աշխատակիցները անընդհատ բնակիչներին հորդորում են լքել շենքը, քանզի որևէ երաշխիք չկա, որ յուրաքանչյուր պահի այն կարող է նստել։

Ահազանգում ենք, որ խնդիրն օրհասական է։ Վերջին 20 օրվա ընթացքում վիճակն ավելի է վատացել։ Օր օրի ավելանում են հիմական պատերի ճաքերը, իսկ եղածներն էլ խորանում։ Արդեն հատակն ու առաստաղը առանձնանում են պատերից։ Հրատապ միջոցներ չձեռնարկելու դեպքում ամեն ինչ կարող է աղետալի լինել»։

Like this post? Please share to your friends:
Lascia un commento