Ինչ տեսավ Նիկոլ Փաշինյանը բազմոցին

Իր վերջին ուղիղ եթերներից մեկում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե մարդիկ կարծում են, թե բազմոցին նստելով իրենց կյանքը լավանալու է, ապա սխալվում են, եւ կոչ արեց աշխատել․․․

Այս պարզ ճշմարտությունը մի քանի կողմ ունի, եւ առաջին հերթին իհարկե կառավարության անելիքը․․․

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կառավարությունը վերացրել է կոռուպցիան եւ տնտեսության մեջ արատավոր երեւույթները, այդպիսով պայմաններ ստեղծելով ազատ գործունեության համար․․․

Միեւնույն ժամանակ, հանրության զգալի մասը օբյեկտիվորեն նախաձեռնող չէ եւ իսկապես բազմոցին նստած սպասում է տարբեր բաների, որոնք վերագրվում են կառավարությանը՝ աշխատատեղեր եւ այլն․․․

Ընդ որում, երբեմն այդ սպասումները բավական իռացիոնալ են, ինչը վերջին տասնամյակների իրողությունների հետեւանք է․․․

Սակայն խնդիրն առավել խորքային է՝ իր վտանգավոր հետեւանքներով: Բանն այն է, որ բարեփոխումների ու երկրի զարգացման համար նախեւառաջ անհրաժեշտ է մոտիվացված հանրություն․․․

Հեղափոխությամբ արձանագրված արդյունքն այդ անհրաժեշտ մոտիվացիայի խթանն էր, սակայն հետհեղափոխական 8-9 ամիսներն այս առումով դարձել են սպասման ժամանակաշրջան․․․

Վտանգը հենց այստեղ է՝ երբ հանրությունը մտնում է սպասման ռեժիմի մեջ: Ընդ որում, այդ ուղղությամբ ակտիվ աշխատում են նախկին համակարգի բավական լայն շրջանակներ, որոնք տիրապետում են ահռելի ֆինանսական ու տեղեկատվական միջոցների․․․

Սպասման ռեժիմը պարարտ հող է հանրային արատավոր երեւույթների ու արժեհամակարգի համար․․․

Պետք է ասել, որ նախորդ երկու տասնամյակներին իշխած այդ համակարգը կառուցվել էր հենց սպասման ռեժիմի վրա, եւ ներկայում փորձ է արվում «վերադարձնել» այն, ինչն էլ ըստ մտահղացման՝ առաջացնելու է այդ համակարգի պահանջարկը․․․

Քարոզչության գաղափարախոսական հիմնական թեզն էլ այն է, որ ոչինչ չի փոխվել, ոչ մի հեղափոխություն էլ չի եղել․․․

Պետք է ասել նաեւ, որ այդ քայլերը արդեն արդյունք են ունենում, եւ հանրությունը մոտենում է այդ վտանգավոր սահմանագծին․․․

Դա թույլ չտալու համար անհրաժեշտ են արագ փոփոխություններ եւ արդյունք, ինչն ընդունում է իշխող մեծամասնությունը: Սպասման ռեժիմը ներկայում լիովին նոր կառավարության պատասխանատվության տիրույթում է․․․

Նիկոլ Փաշինյանը հունվարի վերջին մեկնելու է Գերմանիա: Երկրորդ աշխարհամարտից հետո պարտված, ավերված ու հուսալքված Գերմանիայում մարդիկ հավաքվեցին ու մշակեցին գերմանական տնտեսական կայսրության ծրագիրը, ինչն իրականություն դարձավ ընդամենը մի քանի տասնամյակում․․․

Հայաստանը ներկայում ավելի լավ մեկնարկային վիճակում է, քան հետպատերազմյա Գերմանիան․․․

Like this post? Please share to your friends:
Lascia un commento