«Բանակցությունները լինելու են դրսում՝ լրագրողների ու հավաքված քաղաքացիների ներկայությամբ»,- արձագանքելով գլխավոր դատախազության ներկայացուցչի առաջարկին՝ ասացին Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ցույց անող քաղաքացիները:
«Դատարանի որոշումն ստացել ենք, համաձայն չենք որոշման հետ: Վերաքննիչ բողոք ենք գրել, այսօր մուտք է արվելու»,- հայտարարեց դատախազության ներկայացուցիչ Վահագն Մուրադյանը՝ հույս հայտնելով, որ դատական նիստ գումարելու հարցը կլուծվի մինչև Ամանոր: Հավաքվածներն ասացին, որ շարունակելու են հանրային ճնշումը, մինչև գեներալ Մանվել Գրիգորյանը կհայտնվի բանտում:
Րոպեներ առաջ ցուցարարներին մոտեցավ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա նշեց, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ. «Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ: Գրիգորյանի հիվանդություններն այնպիսին չէին, որ համատեղելի չլինեին կալանքի հետ»: